Հարգելի՛ հայրենակից,

սիրով ողջունում ենք Ձեզ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի պաշտոնական կայքում:

Այն, լինելով հեղինակավոր և մեծ հարգանք վայելող բժշկական կենտրոն, մշտապես եղել է առաջատար՝ վիրաբուժության ասպարեզում:
Ներկայում, տեխնոլոգիաների նման ռիթմով զարգացման ժամանակաշրջանում, պետք է լինել առավել զգոն և հետևողական՝ ժամանակին համընթաց քայլելու համար, ավանդույթները շարունակելուն զուգընթաց՝ ձեռքը պահել համաշխարհային զարգացումների զարկերակին, մշտապես համալրվել նորագույն սարքավորումներով, ապահովել մասնագետների պարբերական վերապատրաստումները:
 
Մենք ներկայում կիրառում ենք ժամանակակից վիրաբուժության մեջ լուրջ հեղափոխություն համարվող սարքավորումներ՝ ուրոլոգիայի, ընդհանուր վիրաբուժության, անոթային վիրաբուժության, նեյրովիրաբուժության ոլորտներում և համոզված ենք, որ սա կնպաստի վիրահատությունների որակային աճին, առավել մեծ թվով հիվանդների առողջացմանը:
Ինստիտուտը սերտ համագործակցության մեջ է նաև արտասահմանյան կլինիկաների հետ. մշակվել և ներդրվել է մի ծրագիր, ըստ որի, ողջ տարվա ընթացքում մեր բժիշկները մասնագիտական այցերով գործուղվում են արտերկիր, իսկ օտարերկրացի մեր գործընկերները` Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ:
Մեր աշխատանքային քաղաքականության կարևորագույն բաղկացուցիչ է, որ կլինիկայում գործում է հիվանդի բուժման վերջնական ցիկլ. անձն այստեղ հետազոտվում է, վիրահատվում, վերականգնվում, և այս ամենը մեկ վայրում:
 
Հաշվի առնելով նաև ներկայիս սոցիալական խնդիրները, մշակել ենք ֆինանսական և զեղչային ճկուն համակարգ, որը հնարավորություն է ընձեռում բուժօգնություն տրամադրել ավելի լայն զանգվածներին: Մենք որդեգրել ենք և հավատարիմ ենք մնալու այն սկզբունքին, որ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի դռներից ներս մտած հիվանդը՝ անկախ ֆինանսական դրությունից, պետք է ստանա պատշաճ բուժօգնություն և դուրս գա առողջացած: Կարևոր ենք համարում նշել նաև, որ առողջական բոլոր ակցիաների շրջանակում, վիրահատություններն իրականացվելու են միայն առաջնակարգ և բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից:
Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի ամենամեծ ձեռքբերումը, վստահաբար կարող ենք համարել այս տարիների ընթացքում ձևավորված ջերմ և ընտանեկան մթնոլորտը, որը յուրահատուկ շունչ և հոգի է հաղորդում կլինիկային: Մեր անձնակազմը՝ «միքայելյանական»  յուրահատուկ հոգատարությամբ է վերաբերում յուրաքանչյուր հիվանդի:
Մի՛ հետաձգեք Ձեր առողջական խնդիրների լուծումը, վստահեք և դիմեք մեզ առաջին իսկ ազդակի դեպքում: Մենք կգտնենք բուժման տարբերակ յուրաքանչյուրի համար՝ անկախ ֆինանսական հնարավորություններից: Որպես բժիշկ և որպես հայ՝ ազգաբնակչության առողջության ապահովումն առաջնային են մեզ համար:
 
Հարգանքով՝

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի տնօրինություն